Փաշինյանի պնդմամբ՝ իրավապահները կզբաղվեն ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպողաբար ցույցի տանելու ահազանգով
«Հիմա ես ՀԷՑ-ի բոլոր աշխատողներին, կարճ ասած, ովքեր ներգրավված են, կոնկրետ ասում եմ՝ պատժվելու եք, ոնց որ ԶՊՄԿ-ի էդ նույն կատեգորիայի աշխատողներն են պատժվել: Հետո լաց, կոծ, բան, տենց բաներ չլինեն». - վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին զգուշացրեց՝ ովքեր ներգրավված են ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպողաբար ցույցի տանելու գործում, պատժվելու են, իսկ նրանք, ովքեր այդ մասին կտեղեկացնեն իրավապահներին և ցուցմունք կտան, կխրախուսվեն:
Այն, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի աշխատակիցներին ստիպողաբար են տանում ցույցի, խորհրդարանի դահլիճում պնդեց իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանը, ասելով, թե դա արվում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցի քննությանը զուգահեռ դատարանի առջև կազմակերպված մինի ցույցը ավելի տեսարժան դարձնելու համար: ՀԷՑ-ը Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ»-ի մաս է կազմում:
«Եթե էդ ահազանգը կա, դա արդեն հաղորդում է հանցագործության մասին, և իրավապահները դրանով կզբաղվեն, համոզված եմ», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Հեսա շատ արագ ՀԷՑ-ը լինելու է պետական սեփականություն, ՀԷՑ -ի էն աշխատողները, որոնք հիմա, այ հիմա, կֆիքսենք մենք, ովքեր էդ գործողությունը անում են և մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, տեսեք հետո բան չլինի, հետո չասեն՝ վայ, բա գիտեք, և այլն, բոլորը ազատվելու են աշխատանքից: Երկրորդը՝ էն աշխատողները, ովքեր կհրաժարվեն և կահազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ և կոնկրետ ցուցմունքներ կտան, էն մյուսները կդատվեն, իսկ համագործակցող աշխատողները կխրախուսվեն»:
«Իսկ նրանք, ովքեր էդ ապօրինությունների մեջ փութաջանություն են ցուցաբերել, չգիտեմ՝ հետո «Տաշիր պիցցա»-ում կարա՞ն աշխատեն, թե՞ չեն կարա աշխատեն: Վստահ չեմ, անկեղծ ասած, որ կարան թեկուզ «Տաշիր պիցցա»-ում բան աշխատեն, որևէ բան, որևէ բան», - նաև ասաց վարչապետը:
«Բացահայտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության դեմ». ՀՀ ԱԳՆ-ը դիմել է ՌԴ ԱԳՆ -ին
Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններից անմասն չի մնացել նաև արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում տեղեկացրեց, որ դիմել է Ռուսաստանի իր գործընկերոջը՝
երեկ ռուսաստանյան հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված հաղորդման առնչությամբ:
Անդրադառնալով Կարապետյանի դեմ իրականացվող գործողություններին, ըստ Հայաստանի արտգործնախարարի, հաղորդման ընթացքում հնչել են «անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում՝ անձնական բնույթի, և այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության նկատմամբ»:
Միրզոյանի փոխանցմամբ՝ այդ հաղորդումից հետո նմանաբովանդակ արտահայտություններ են հնչել նաև Ռուսաստանի քաղաքական գործիչների, այդ թվում՝ կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից, ինչի վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիմել է Ռուսաստանի ԱԳՆ-ին:
«Մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունն ամրագրող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ: Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին, կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը», - նշեց Միրզոյանը:
ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չի կարող փոխել. Փաշինյան
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանին պաշտոնանկ անելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումն անհանգստացրել է անհետ կորած զինվորների ծնողների հարազատներին: Նրանք այսօր հավաքվել էին Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ:
Այս հարցը բարձրացրեց ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, նշելով՝ ծնողներն անհանգստություն ունեն, որ Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո իրենց երեխաների ճակատագրով զբաղվող չի լինելու. անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը ղեկավարում էր Աբազյանը: Ի պատասխան հնչած մտահոգություններին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վստահեցրեց՝ ինքը զբաղվում է անհետ կորածների հարցով:
«ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չի կարող փոխել, որովհետև, ի վերջո, կա ինստիտուտ, ինստիտուցիոնալ կառույց», - հայտարարեց վարչապետը:
Փաշինյանը տեղեկացրեց, որ անհետ կորած զինվորների ծնողների հետ Կառավարությունում հանդիպել է երկու շաբաթ առաջ, և ձեռք են բերել պայմանավորվածություն՝ ծնողները տալիս են հինգ հարց, ինքն էլ խոստանում է դրանցվող զբաղվել և երկու ամիս անց տեղեկացնել կատարված աշխատանքի մասին: Վարչապետը նշեց, որ այդ հինգ հարցերի հետ կապված արդեն հանձնարարականներ է տվել:
«Եթե խոսք է գնում անհանգստության մասին, ոչ մի անհանգստության բան չկա, որովհետև էն, ինչ որ մենք պայմանավորվել ենք, էդ ամեն ինչը ուժի մեջ է բնականաբար: Ինչ վերաբերում է [Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով] հանձնաժողովներին, հանձնաժողովի աշխատանքը նույնպես որևէ ձևով չի կարող խաթարվել», - վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:
Իրան - Իսրայել արդեն վեցերորդ օրը շարունակվող պատերազմական գործողություններին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին անդրադարձավ Հայաստանի արտգործնախարարը՝ ընդգծելով՝ ցավալիորեն այդ հակամարտությունը թեժանում է: Պաշտոնական Երևանը դատապարտել է Իսրայելի հարձակումը հարևան Իրանի վրա:
Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ այս օրերին Հայաստանը փորձում է աջակցել ոչ միայն Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կամ իրանահայերին, այլև տարբեր երկրների քաղաքացիներին:
«Մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների, տարհանման, կամ, չգիտեմ, ապաստան տալու, ընդառաջելու, օգտակար լինելու պրոցեսի մեջ ենք, էսպես ձևակերպեմ: Սա շարունակական պրոցես է, և ինչպես կարող ենք գնահատել, առաջիկա օրերին միայն ծավալները կավելանան», - հայտարարեց ԱԳ նախարարը: