Մատչելիության հղումներ

Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելուց ժամեր անց, ԱԱԾ-ականները շրջապատեցին Սամվել Կարապետյանի առանձնատունը

Լրացված

Վարչապետ Փաշինյանի գրառումից երեքուկես ժամ անց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) դիմակավորված ջոկատները շրջապատեցին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը: ԱԱԾ-ականները շարունակում են խուզարկել գործարարի Մոնումենտի առանձնատունը: Իրավապահների այցից մեկ ժամ առաջ «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը Մայր Աթոռի մոտից պաշտպանել էր Հայ Առաքելական եկեղեցին Նիկոլ Փաշինյանի արշավից:

«Փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել ա Հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին», - News.am-ի հետ զրույցում հայտարարել էր Կարապետյանը:

Սամվել Կարապետյանի հայտարարությանը Նիկոլ Փաշինյանը նախ արձագանքեց ֆեյսբուքյան էջով: Առանց անունը նշելու սպառնաց պասիվացնել ակտիվացած գործարարներին. - «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»:

Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին իրավապահները դեռ ոչինչ չեն հայտնում, բայց լրատվամիջոցները գրում են: Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, թե մի խումբ անձանց բերման են ենթարկել, բայց կոնկրետ գործարարի մասին հստակ չասացին:

Իրավապահների գործողություններին զուգահեռ՝ Հայաստանի ղեկավարը նորից գրեց.

«Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։
Սա Հայաստանի Հանրապետությունն է։
Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն էլ Ազգային ժողովում սպառնաց գործարար Կարապետյանին, թե «զբաղվելու ենք քո հարցերով»:

«Սամվել Կարապետյան, գնա զբաղվի ՀԷՑ-ովդ, ՀԷՑ-ի որակը ապահովի, որ մարդկանց լույսերը չանջատվեն: Կրկեսի շինարարությունն ավարտին հասցրու: Էն պարտավորությունները, որը ստանձնել ես, քեզ ինչ-որ տարածքներ են տվել, որ ըտեղ աշխատանքներ իրականացնես, չես իրականացրել, իրականացրու, թե չէ մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, իշխանություն, ինստիտուցիոնալ ձևով զբաղվելու ենք քո հարցերով», - հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը:

«Նախազգուշացնում եմ՝ ի պատասխան տվյալ անձնավորության անիմաստ հայտարարություններին», - հավելեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:

Ավելի ուշ «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը տարածեց Սամվել Կարապետյանի հետևյալ պաշտոնական հայտարարությունը. - «Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի։ Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները»:

Ռուսական RT-ին էլ գործարարն ասել է. - «Ուզում էին մասկի շոու անել ու ինձ ձերբակալել։ Իսկ մարդիկ, հասարակ մարդիկ, որոնք հավաքվել էին բակում, հակահարված տվեցին»:

Մայր Աթոռը հորդորում է իշխանություններին «անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները»

Արձագանքելով այս իրադարձություններին՝ Մայր Աթոռը հայտարարեց. - «Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայոց Եկեղեցուն աջակցություն հայտնելուց անմիջապես հետո իրավապահ մարմինների կողմից փորձ է կատարվել ձերբակալելու ազգային բարերար Սամվել Կարապետյանին, և այս պահին խուզարկվում է նրա տունը։ Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը։ Հորդորում ենք ՀՀ իշխանություններին անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները»։

«Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել»

Հայտարարությամբ հանդես եկավ նաև վարչապետի խոսնակը. - «Ինքնակոչ սրբադասվածը (որի պատկերը Մայր Աթոռի գանձարանում է) հյուսիսից ստացած դասական «մետոդիչկայով» որոշել է հայաստանյան ներքին օրակարգերին խառնվել, թե բա՝ «մենք մեր ձևով ենք միջամտելու»։
Չեմ հասկանում՝ հովհարային անջատո՞ւմ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում՝ հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են։ Հայաստանը ծայրագավառ դարձնելու սրանց փորձերն ապարդյուն են»։

«Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոների, արաբրահամյանների և պիպոյահպատակ արբանյակներն ակտիվացել են։
Ինքնալուստրացիա մինչև վերջ։
Խայտառակվե՛ք, կանգ մի առեք», - նաև գրել է Նազելի Բաղդասարյանը:

Քիչ անց էլ վարչապետը գրեց. - «Ասում է, մենք մեր ձևով ենք միջամտելու։
Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։

Ավելի ուշ Փաշինյանը մեկ այլ գրառում արեց Ֆեյսբուքում. - «Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել»։

Վարչապետի թիրախում նաև Մայր Աթոռի դիվանապետն է

Նիկոլ Փաշինյանի թիրախում նաև Մայր Աթոռի դիվանապետն է: Հոգևորականների կուսակրոնության հարցը երկրի թիվ մեկ օրակարգ դարձրած Փաշինյանը պահանջում է կարգալույծ անել Արշակ սրբազանին: Արքեպիսկոպոսը երեկ քննադատել էր վարչապետին, հեգնել, թե տպավորություն է՝ Արցախը հանձնելն ու տարածքներ զիջելն էլ կուսակրոնության ուխտը խախտելու պատճառով է եղել:

«Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը։ Բառիս բուն իմաստով վեր ընկնի տեղը և բառիս բուն իմաստով՝ պոռնկաբարո», - գրեց վարչապետը:

Հայաստանի ղեկավարն այս գրառմամբ չհանդարտվեց: Մեկ ժամ չանցած նորից հիշեց Արշակ սրբազանին. - «Նախկինում հնչած քննադատությունները հաշվի առնելով, պոռնկացած բարձրաստիճան հոգևորականների մասին խոսելիս օգտագործելու եմ բացառապես «Կանոնագիրք Հայոց»–ի բառապաշարը։ «Կանոնագիրք Հայոց»–ը Հայ առաքելական եկեղեցու դարերով ձևավորված վարքականոնների ժողովածուն է։ Դրանում է գրված, որ պոռնկացած (արք)եպիսկոպոսը, տվյալ դեպքում Արշակ «սրբազանը», պետք է կարգալույծ արվի։ Նկատի ունեմ, հենց այդ բառերով է գրված մեր Եկեղեցու կանոնների ժողովածուի մեջ։ «Կանոնագիրք Հայոց»–ի բնորոշմամբ է Արշակ «սրբազանը» պոռնկաբարո։ Սպասենք Կտրիճ Ներսիսյանի արձագանքին, որ իրեն նույնպես բնորոշենք միայն ու միայն «Կանոնագիրք Հայոց»–ի սահմանումներով։ Էլ ոչ մի դոմփել»։

Հայաստանի ղեկավարը շարունակում է պահանջել, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանա Վեհարանից: Փաշինյանը պնդում է, որ Վեհափառը խախտել է կուսակրոնության ուխտն ու զավակ ունի: Նրան որպես Հայոց Հայրապետ չի ճանաչում եւ դիմում է աշխարհիկ անունով՝ Կտրիճ Ներսիսյան:

Գարեգին Երկրորդն իշխանության հարձակումներին զուսպ էր արձագանքել. - «Եկեղեցուն և եկեղեցականությանը վերաբերող հարցերը եկեղեցու կարգաց և կանոնաց համաձայն քնարկվում են համապատասխան մարմինների կողմից: Ավելին ասելիք չունեմ»:

Վարչապետին չի կանգնեցնում անգամ Մայր օրենքը, որտեղ ամրագրված է՝ եկեղեցին անջատ է պետությունից: Մեկ այլ օրենքով էլ՝ հաստատված է եկեղեցու ինքնիշխանությունը, բայց Փաշինյանը քայլեր է սկսել, որ գահընկեց անի Կաթողիկոսին: Օրինական ճանապարհով դա հնարավոր չէ՝ Հայոց Հայրապետն ընտրվում է ցմահ, ու Կառավարության ղեկավարը զարտուղի ճանապարհներ է որոնում նոր կաթողիկոս ընտրելու համար:

Հայաստանի իշխանության այս գործելաոճը դատապարտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկությունը

Հայաստանի իշխանության այս գործելաոճը դատապարտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկությունը: Կաթողիկոսությունից զորակցում են Գարեգին Երկրորդին, Վեհափառի ու հոգևորականների դեմ Փաշինյանի պայքարը անվանում հարձակողապաշտ վերաբերմունք:

Իշխանության հրաժարականը պահանջած Կաթողիկոսին գահընկեց անելու ու նորին ընտրելու Փաշինյանի գործնական քայլերից հետո լուրեր տարածվեցին, թե նրա թեկնածուն Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն է: Քանի դեռ Կաթողիկոսը աթոռին է, չպետք է նույնիսկ մտածել նոր Կաթողիկոսի մասին, Պոլսո Պատրիարքն այսպես է արձագանքել իր հնարավոր թեկնածությանը: Կաթողիկոսի դեմ Փաշինյանի հարձակումը, ըստ արքեպիսկոպոս Մաշալյանի, քաղաքական բնույթի է: Հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդն է, հոգևորականներն ու հավատացյալները պարտավոր են հնազանդվել, պաշտպանել ու աղոթել Հայոց Հայրապետի համար, հայտարարել է Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG