Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցով դատարանը խորհրդակցական սենյակ է գնացել


Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մոտ 6 ժամ քննելուց հետո Երևանի Ավան և Նոր Նորք վարչական դատարանը խորհրդարակցական սենյակ է գնացել:

Նիստը դռնփակ էր:

Փաստաբանների համոզմամբ՝ որոշումը կհրապարակվի առաջիկա 1-2 ժամվա ընթացքում:

Ավելի վաղ Քննչական կոմիտեի շենքի մոտ, ուր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը տեղափոխվել էր, փաստաբաններն ապօրինի որակեցին գործարարի նկատմամբ քրեական հետապնդումը:

Սամվել Կարապետյանի հետ խոսել չի հաջողվել: Նա ձերբակալված է, մեղադրյալի կարգավիճակ ունի: «Տաշիր գրուպ»- ի սեփականատիրոջը մեղադրում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Նրա նկատմամբ քրեական գործընթացները զարգացան շատ արագ:

Նախօրեին Կարապետյանը պաշտպանել էր Հայ Առաքելական եկեղեցին վարչապետ Փաշինյանի արշավից ու ասել՝ եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին է:

«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», - ասել էր նա:

Այս հայտարարությունն են ՀՀ իրավապահները համարում իշխանություն զավթելու կոչ:

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություն իրականացրեց նրա առանձնատանը, ապա նրան մեղադրանք ներկայացվեց: Վարչապետ Փաշինյանը կոշտ գրառումներով էր արձագանքել նրան, այսօր արդեն խոսել Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պետականացնելու մասին: Իշխանական պատգամավորներն ու նախարարներն արդեն տեղեկություններ են տարածում, թե ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպողաբար բերում են դատարանի մոտ՝ այս հավաքը բազմամարդ դարձնելու համար:

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ սպառնաց, թե նրանցով կզբաղվեն իրավապահները:

Դատարանի մոտ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել՝ ի պաշտպանություն ձերբակալված գործարարի: Այստեղ պարբերաբար վանկարկումներ են «Սամվե՛լ, ազատություն, արդարություն», ծափահարում նրան:

Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի՝ այստեղ են եկել նաև բազմաթիվ, այդ թվում՝ բարձրաստիճան հոգևորականներ, տարբեր թեմերի առաջնորդներ: Քաղաքացիները նրանց դիմավորեցին ծափահարություններով: Հոգևորականները տարակուսած են՝ հարևան երկրում պատերազմ է, Հայաստանը՝ պատերազմի սպառնալիքի տակ, իսկ երկրի ղեկավարը տարվել է Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարով: Այստեղ է նաև Ռուսաստանի և Նոր նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, որ նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրն է: Դատարանի մոտ կուտակված են մեծ թվով ոստիկանական ուժեր, երթևեկությունը կասեցված է: Ակցիան խաղաղ է, որևէ միջադեպ չի եղել:

Այստեղ է նաև Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Փաշինյանը պետք է հեռանա. «Եվ ոչ միայն ինքը, իր խմբակն էլ հետը»:

Հարցին, թե ինչպե՞ս դա կարվի, արքեպիսկոպոսն արձագանքեց. «Շատ սիրով, քրիստոնեաբար պետք է հեռանա»:

Սամվել Կարապետյանը, որ ձերբակալված է, այսօր հայտարարություն է տարածել. «Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից: Համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից»:



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG