Իրան - Իսրայել առճակատումը չի հանգուցալուծվում արդեն հինգերորդ օրը

Իրան - Իսրայելի հարվածից հետո Թեհրանի կենտրոնից ծուխ է բարձրանում, 16-ը հունիսի, 2025թ.

Իրանի և Իսրայելի միջև առճակատումը չի հանգուցալուծվում արդեն հինգերորդ օրը:

Իրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի տարբեր հատվածներ, կան տուժածներ և ավերածություններ: Իրանական կողմը պնդում է, որ հարվածել է նաև Իսրայելի Հետախուզության և հատուկ գործողությունների ինստիտուտի՝ «Մոսադ»-ի օպերատիվ կենտրոնին, ապա զգուշացնում է, որ ավելի ինտենսիվ հարձակումներ կլինեն:

Իրանի պաշտպանության նախարարության խոսնակ Ռեզա Թալայի-Նիկն ասել է, որ Իսրայելը չի կարող դիմակայել երկարատև պատերազմի, քանզի չունի այդ հնարավորությունները:

«Հետևաբար, այս ռեժիմը և այս սիոնիստական թշնամին կպարտվեն, եթե շարունակեն այս պարտադրված պատերազմը», - պնդել է խոսնակը:

Իսրայելն, իր հերթին, հայտնել է, որ գիշերը հարվածել է Իրանի ռազմական և միջուկային տասնյակ թիրախների, նաև Թեհրանին: Պայթյուններ են լսվել նաև Սպահանում: Իսրայելի ռազմական աղբյուրն ասել է, որ դեռ չեն հարվածել Ֆորդոյի ստորգետնյա միջուկային օբյեկտին, սակայն չի բացառել դա։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նոր տվյալները վկայում են, որ հունիսի 13-ին Իսրայելի հարվածները «ուղղակի ազդեցություն» են ունեցել Նաթանզի ուրանի հարստացման կայանի ստորգետնյա ցենտրիֆուգային սրահների վրա:

Իրանի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինն ասել է, որ սպանել են Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին: Թեհրանը չի հաստատել տեղեկությունը:

«Հետախուզության բաժնից ճշգրիտ տվյալներ ստանալուց հետո, մենք վերացրեցինք Ալի Շադմանիին՝ ռազմական շտաբի պետին, իրանական ռեժիմի ամենաբարձրաստիճան զինվորական հրամանատարին։ Նա վերացվեց Թեհրանի սրտում գտնվող իրանական ռեժիմի կենտրոնակայանում», - հայտարարել է Դեֆրինը:

Իսրայելը երեկ էլ հարվածել էր Իրանի Հանրային հեռուստաընկերությանը, ինչի հետևանքով երեք մարդ է սպանվել:

Ականատեսները հրապարակել են տեսանյութեր, թե երեկվա հարվածներից հետո ինչպես են մարդիկ հարյուրավոր մեքենաներով հեռանում Թեհրանից:

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեկ հեռախոսազանգով կարող է կանգնեցնել Իսրայելի հարձակումները: Ըստ Աբբաս Արաղչիի՝ դա կօգնի վերադառնալ դիվանագիտությանը:

«Իսրայելը պետք է դադարեցնի իր ագրեսիան, և եթե մեր դեմ ռազմական ագրեսիան լիովին չդադարեցվի, մեր պատասխանները կշարունակվեն», - ասել է Արաղչին:

Իսրայելի վարչապետն էլ ասել է, որ լուրջ հարվածներ են հասցնում Իրանին, և չի զարմանում, որ Իրանը ցանկանում է դադարեցնել կրակը: Ըստ Բենյամին Նեթանյահուի՝ հրադադարն Իրանին թույլ կտա միջուկային զենք ստեղծել և հրթիռներ արտադրել, որոնք, նրա պնդմամբ, սպառնում են Իսրայելի գոյությանը և պետք է վերացվեն:

«Մենք պարտավոր ենք վերացնել այս երկու սպառնալիքները ... Մենք 60 օր ժամանակ տվեցինք։ Այդ ընթացքում, երբ Իրանը բանակցում էր ԱՄՆ-ի հետ գործարքի շուրջ, Իրանի բռնապետ այաթոլան Իսրայելը ոչնչացնելու ուղիներ էր փնտրում», - հայտարարել է Նեթանյահուն:

ABC-ին էլ Նեթանյահուն ասել է, որ Իրանի հոգևոր առաջնորդին սպանելը վերջ կդնի հակամարտությանը:

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կշարունակեն հարվածել ռազմական թիրախներին: Իսրայել Կացն Իրանի հոգևոր առաջնորդին զգուշացրել է դադարեցնել հարվածները Իսրայելի քաղաքացիներին, այլապես կարժանանա Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ճակատագրին. - «Նա պետք է հիշի, թե ինչ պատահեց Իրանի հարևան երկրում գտնվող բռնապետի հետ, ով այս ուղին ընտրեց Իսրայել պետության դեմ»։

Մինչ Իսրայելն ու Իրանը սպառնալիքներ են փոխանակում, «Մեծ յոթնյակի» երկրները երեկ կոչ են արել հրաժարվել ռազմական գործողություններից, շեշտել, որ Իրանը չպետք է երբևէ միջուկային զենք ունենա, իսկ Իսրայելն ունի ինքնապաշտպանվելու իրավունք։

ԱՄՆ նախագահն, իր հերթին, հայտարարել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, ապա նշել, որ Իրանը չի հաղթում այս պատերազմում: Ըստ Դոնալդ Թրամփի՝ քանի դեռ ուշ չէ, Թեհրանը պետք է նստի բանակցությունների:

«Նրանք պետք է գործարք կնքեն։ Դա ցավոտ է երկու կողմերի համար էլ։ Բայց ես կասեի, որ Իրանը չի հաղթում այս պատերազմում, և նրանք պետք է բանակցեն, և պետք է բանակցեն անմիջապես, քանի դեռ շատ ուշ չէ», - ասել է Թրամփը:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահը CBS-ի հետ զրույցում ասել է, թե ցանկանում է, որ Իրանի միջուկային խնդիրն իսկապես լուծվի, ապա կանխատեսել է, որ Իսրայելը չի թուլացնի հարձակման տեմպերը։

Այս ֆոնին ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ իրենց գործողություններն ինքնապաշտպանական և կանխարգելիչ բնույթի են, որոնց շնորհիվ Իրանի միջուկային ծրագիրը որոշ ժամանակով հետ է ընկել: Դանի Դանոնը վստահեցրել է՝ Իսրայելը կշարունակի հարվածել:

«Պետք է հասկանալ, որ մեր հարևանությամբ, ցավոք, կան որոշ ... արմատական տարրեր, որոնք Իսրայելը քարտեզից ջնջելու տեսլական ունեն, և մենք պատրաստ ենք կանգնեցնել նրանց», - ասել է Դանոնը:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն էլ Իսրայելին քննադատել է Հանրային հեռուստաընկերության և խաղաղ բնակիչների վրա հարձակման համար՝ ասելով, որ դա միջազգային իրավունքի խախտում է: Ամիր-Սայիդ Իրավանին ընդգծել է, որ Իրանը ստիպված է պաշտպանվել, ապա ԱՄՆ-ին սպառնացել հետևանքներով՝ Իսրայելին աջակցելու համար:

«Առանց ԱՄՆ զենքի, հետախուզության և քաղաքական աջակցության այս հարձակումը չէր կարող տեղի ունենալ։ Միացյալ Նահանգները կիսելու է այս անօրինական գործողության պատասխանատվությունը», - հայտարարել է Իրավանին;

Հակամարտության սրման ֆոնին նավթի համաշխարհային գինը շարունակում է բարձրանալ: Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 0.5 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 73.57 դոլարի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայել-Իրան հակամարտությունն էլ ավելի է թեժանում. թարմացվող