Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ պայթյուններ են լսվել Սպահանում, որտեղ տեղակայված են մի քանի միջուկային օբյեկտներ։
«Հակաօդային պաշտպանության համակարգերն ակտիվացել են», - հաղորդել է Mehr լրատվական գործակալությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարը խորը մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ հնարավոր հարվածների վերաբերյալ՝ զգուշացնելով, որ դրանք կարող են «ուղիղ և երկարաժամկետ ազդեցություն ունենալ Իրանի և ամբողջ տարածաշրջանի մարդկանց ու շրջակա միջավայրի վրա»։
Սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ Թեդրոս Գեբրեյեսուսը կոչ է արել կողմերին «աշխատել խաղաղության ուղղությամբ»։
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցում Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու շուրջ հնարավոր բանակցություններին։
«Մեր ուշադրության կենտրոնում մեր քաղաքացիներն են և նրանց սպառնացող վտանգները», - ասել է Իսրայել Կացը։
Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ դեռևս գործողություն չեն իրականացրել Իրանի երրորդ, ամենապաշտպանված միջուկային օբյեկտի՝ Ֆորդոյի դեմ, բայց դա չի նշանակում, որ նման գործողություն չի նախատեսվում։
Ֆորդոյի կայանը խորը ստորգետնյա ամրություններ ունի, որոնց, ըստ արևմտյան հետախուզական աղբյուրների, Իսրայելը չի կարող հասնել առանց ամերիկյան ռազմական ուժերի օժանդակության։
Իսրայելական աղբյուրների հաղորդմամբ, Նեթանյահուն մեծ ջանքեր է գործադրել՝ այս հարցում Միացյալ Նահանգների օգնությունը ստանալու համար, սակայն, մինչև այս պահը պարզ չէ՝ Վաշինգտոնը կգնա դրան, թե՝ ոչ։