Ըստ իրանական լրատվամիջոցների՝ տեղի բանկերից մեկը ենթարկվել է կիբերհարձակման:
Ըստ Fars լրատվական գործակալության՝ Sepah Bank-ի առցանց համակարգը կաթվածահար է եղել, ինչը կարող է խնդիրներ առաջացնել նաև բենզալցակայաններում, քանի որ դրանք միացված են բանկային համակարգին։
Sepah Bank-ն Իրանի ամենահին բանկերից մեկն է և գտնվում է արևմտյան պատժամիջոցների տակ։
Մինչ այդ իրանցիներն արևմտյան լրատվամիջոցներին տեղից պատմել էին, որ ցանկանում են լքել երկիրը, սակայն չեն կարողանում գումար հանել բանկերից կամ բենզին հայթայթել։
Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Իրանի ու Իսրայելի միջև հակամարտության վրա, Իսրայելը հրթիռակոծել է Գազայում օգնության բաշխման կետի մերձակայքը, որտեղ հազարավոր պաղեստինցիներ էին հավաքվել՝ հաց ու ալյուր ստանալու հույսով։ «Համաս»-ի կողմից ղեկավարվող առողջապահության նախարարությունը հայտնում է, որ զոհվել է 45 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։
Նավթի գները բարձրացել են՝ պայմանավորված Իրանի և Իսրայելի միջև հակամարտության սրացման մտավախությամբ:
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 34 ցենտով կամ 0.5 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 73.57 դոլարի։ ԱՄՆ West Texas Intermediate (WTI) տեսակի նավթը բարձրացել է 29 ցենտով կամ 0.4 տոկոսով՝ կազմելով 72.06 դոլար։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը երկուշաբթի օրը Fox News-ին ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած ԱՄՆ դաշնակից Իսրայելի և Թեհրանի միջև սրացած լարվածությանը, դեռ նպատակ ունի Իրանի հետ միջուկային համաձայնության հասնել։
Հարցին, թե արդյոք Թրամփը շարունակում է ձգտել միջուկային գործարքի, Հեգսեթը պատասխանել է. «Իհարկե»։