«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կատարի իր պարտականությունները», - Mehr-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային՝ ընդգծելով՝ «զսպվածություն պահանջելը ոչ այլ ինչ է, քան երեսպաշտություն»:
«Այս պատերազմը միայն Իրանի դեմ չէ. դա պատերազմ է մարդկության դեմ։ Այս պատերազմը հակասում է Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությանը, օրենքի գերակայությանը և բոլոր այն արժեքներին, որոնց համար մարդկությունը պայքարել է», - նշել է նա։
Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Թել Ավիվում գտնվող դեսպանատան շենքը աննշան վնասներ է կրել մոտակայքում իրանական հրթիռային հարվածից՝ հայտնելով, որ անձնակազմի անդամներից որևէ մեկը չի տուժել։
Նա X-ում գրել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը երկուշաբթի օրը փակ կմնա:
Իսրայելի Հայֆայի քաղաքապետը հայտնել է, որ քաղաքում գիշերը Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Իսրայելում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասավ ութի:
Հաղորդվում է հարյուրավոր վիրավորների մասին:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Թեհրանում գտնվող «Քուդս» ուժերի հրամանատարական կենտրոններին հարվածելու մասին։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կենտրոնները «Քուդս» ուժերի կողմից օգտագործվել են «Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ պլանավորելու համար՝ Մերձավոր Արևելքում իրանական ռեժիմի լիազորված անձանց միջոցով»։