Փաշինյան. Իրավապահները կզբաղվեն ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպողաբար ցույցի տանելու ահազանգով

Սամվել Կարապետյանի կողմնակիցների ցույցը դատարանի շենքի դիմաց, Երևան, 18-ը հունիսի, 2025թ.

Իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանն այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց՝ այժմ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կալանքի հարցի քննությանը զուգահեռ մինի ցույց է ընթանում դատարանի առջև, և իրենք տեղեկություններ են ստանում, որ ցույցի բազմամարդությունն ապահովելու համար այնտեղ են ստիպողոաբար տարվում ՀԷՑ-ի աշխատակիցները և ոչ միայն ՀԷՑ-ի:

«Եթե այդ ահազանգը կա, դա հաղորդում է հանցագործության մասին, և իրավապահները դրանով կզբաղվեն, համոզված եմ», - ի պատասխան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հեսա շատ արագ ՀԷՑ-ը լինելու է պետական սեփականություն, ՀԷՑ-ի էն աշխատողները, ովքեր մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, բոլորը ազատվելու են աշխատանքից», - զգուշացրեց վարչապետը, ապա հավելեց. - «Էն աշխատողները, ովքեր կհրաժարվեն ցույցին մասնակցել և կահազանգեն, կհամագործակցեն իրավապահների հետ և կոնկրետ ցուցմունքներ կտան, կխրախուսվեն»:

«Իսկ նրանք, ովքեր այդ ապօրինությունների մեջ փութաջանություն են դրսևորել, հետո չգիտեմ «Տաշիր Պիցցա»-ում կկարողանա՞ն աշխատել, թե՞ ոչ, վստահ չեմ», - նաև ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից ու նրան ձերբակալելուց ժամեր անց վարչապետը հայտարարեց միլիարդատիրոջ ընկերությանը պատկանող ՀԷՑ-ն ազգայնացնելու, պետականացնելու մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատարան Կարապետյանին աջակցելու են եկել նաև հոգևորականներ, այդ թվում՝ կաթողիկոսի եղբայրըԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունըԿարապետյանի ձերբակալությունից ժամեր անց Փաշինյանը հայտարարում է ՀԷՑ-ը պետականացնելու մասինՍամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով, կալանքի միջնորդություն կա