Ոստիկաններն անհետ կորածների հարազատներին չթույլատրեցին փակել Երևանի Հերացի փողոցը

Լուսանկարում Բաղրամյան պողոտան, որը երեկվանից փակ է

Անհետ կորածների հարազատներին, որ ուզում էին կարճատև ակցիա անել, չհաջողվեց փակել Երևանի Հերացի փողոցը: Ոստիկանության հատուկ ջոկատայինները կանգնել էին փողոցի եզրին՝ փակելով դեպի ճանապարհը դեպի Հերացի փողոց:

Անհետ կորածների հարազատները որոշեցին հետ գնալ Բաղրամյան պողոտա, որը փակ էին պահում երեկ երեկոյից:

Կարճ ժամանակով Հերացի փողոցը փակելու միջոցով նրանք ցանկանում էին ուշադրություն գրավել իրենց խնդրի վրա:

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, երեկ «Ազատությանն» ասել էր, որ իրենց գլխավոր պահանջն է վերականգնել պաշտոնում ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանին: Աբազյանի պաշտոնանկության մասին հայտնի դարձավ երեկ առավոտյան:

Արսեն Ղուկասյանը և մյուսները մտահոգություն ունեն, որ նրա պաշտոնանկությունից հետո որևէ մեկը գործուն քայլեր չի անի անհետ կորածների հարցերով, և հարցը կմտնի փակուղի:

Արմեն Աբազայանը գլխավորում էր անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը:

Հայաստանը շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ 191-ը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չի կարող փոխել. Փաշինյան