ՔՊ-ն դեմ քվեարկեց փողով վաղաժամկետ բանակից ազատվելու օրինագծին. դեմ էր նաև հեղինակը

Վիճահարույց օրինագծի հեղինակը ելույթ է ունենում Ազգային ժողովում, Երևան, 17-ը հունիսի, 2025թ.

«Ես նույնպես դեմ կքվեարկեմ օրենքի նախագծին». - իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը նկատի ունի հենց իր իսկ հեղինակած օրինագիծը, որով առաջարկում էր պատկառելի գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայել։

Չորս օր առաջ խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովում շուրջ չորս ժամ տևած քննարկումից հետո նախագիծը բացասական եզրակացություն ստացավ, այսօր էլ ԱԺ լիագումար նիստի օրակարգ չմտավ, ընդ որում՝ սա այն բացառիկ դեպքերից էր, երբ ընդդիմությունն ու իշխանությունը համակարծիք էին։

«87 դեմ՝ որոշումը չի ընդունվել», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահի:

«Իմ շփումները պատգամավորների հետ, մեծամասնությունը կողմ են նախագծին, և դրանից ելնելով՝ եզրակացնում եմ, որ վաղը կներառվի նաև օրակարգում». - ընդամենը երեկ «Ազատության» տաղավարում Հայկ Սարգսյանն այլ սցենար էր կանխատեսում ու անգամ ճշտող հարցին՝ «հետևաբար, Դուք էլ պնդելու եք՝ չնայած որոշ կոչերին՝ հետ կանչել, հետաձգել, և այլն», աներկբա պատասխանեց. - «Այո, իհարկե, այո, ես պնդելու եմ և խնդրելու եմ, որպեսզի պատգամավորները քվեարկեն, և հարցը ներառվի նիստերի օրակարգ»:

Այսօր, մինչդեռ, Սարգսյանը խորհրդարանում հայտարարեց. - «Ես նույնպես դեմ կքվեարկեմ օրենքի նախածին, շնորհակալ եմ»:

Մինչև քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ դեմ են քվեարկելու իրենց թիմակցի նախաձեռնությանը, չբացառելով, սակայն, որ անգամ այս օրինագիծը կարող էր բանակում բարեփոխումների իրենց նպատակներին ծառայել։

«Սակայն, այնուհանդերձ, առանձին կարգավորումները, դրանց ձևակերպումները և սահմանումները, ինչպես նաև քննարկման ժամանակը խմբակցությանը բերել է այն համոզման, որ այս նախագիծը այս պահին այս տեսքով չենք կարող ընդունել», - ասել էր Կոնջորյանը:

Քվեարկությունից րոպեներ առաջ Սարգսյանը դեռ պնդում էր, որ պետք է գնալ վճռորոշ լուծումների, որ հետաձգում չպետք է լինի։ Համոզիչ լինելու համար իր 3-րոպեանոց ելույթն էլ նվիրել էր վարչապետ Փաշինյանի՝ տարբեր ժամանակների ելույթներին. - «Մեջբերեմ վարչապետի ելույթից մի հատված. - «Առերեսվում ես դառը իրականությանն առ այն, որ զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ: Սա կամ նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմ ունի, կամ էլ զորակոչը Հայաստանում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը: ... Չգաք ասեք հետաձգենք, չկա՛ հետաձգում», - մեջբերման ավարտ»:

Րոպեներ անց, սակայն, Հայկ Սարգսյանը վարչապետի մեկ այլ հորդորի մասին ակնարկեց, մի բան, որի շուրջ երեկ «Ազատության» տաղավարում հակառակ պնդումն էր արել. - «Եվ ես առաջնորդվելով վարչապետի հանձնարարականներով՝ կշարունակեմ աշխատել մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք այն բարեփոխումները և այն ուղենիշերը, որ վարչապետն է դրել մեր առաջ և Կառավարության ծրագրում առկա են, դրանք կարողանանք կյանքի կոչել»:

Մինչդեռ նախօրեին «Ազատության» հարցին՝ «վարչապետը Ձեզ մտահոգություններ չի՞ փոխանցել այս օրենքի վերաբերյալ», պատասխանել էր. - «Ոչ»:

Վիճահարույց օրինագծով Հայկ Սարգսյանը գնային հետևյալ սանդղակն է առաջարկում 18-32 տարեկան Հայաստանի քաղաքացիներին. ծառայել մեկ ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 60 հազար դոլար, կամ՝ 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ՝ ավելի քան 47 հազար դոլար:

Ընդդիմադիրները, քաղհասարակությունը քննադատում են իշխանական պատգամավորի այս նախաձեռնությունը՝ պնդելով, որ այն օրինականացնում է կաշառքը, խորացնում է խտրականությունը և չի կրճատելու զինծառայությունից խուսափողների թիվը:

Նախագծի հեղինակը ճիշտ հակառակն է պնդում՝ որ փողով բանակից ազատվելու իր նախագիծը հենց փողով բանակից ազատվելու դեմ պայքարի միջոց է:

«Բայց իմ շրջապատում, իմ ազգականների, իմ ընկերների, իմ հարևանների շրջապատում տեսնում եմ, որ 70 տոկոսը չեն ծառայում, ես էլի շարունակեմ ասել՝ բոլորը պետք է ծառայեն երկու տարի ժամկետով, անընդունելի է, և այլն ... », - երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել էր Հայկ Սարգսյանը:

Հարցին՝ «համակարգային կոռուպցիոն խնդիր չէ՞, որ 70 տոկոսը չի ծառայում», նա արձագանքել էր. - «Համակարգային խնդիրը հետևյալն է ... Տեսեք, 8 տոկոսը հրաժարվում է քաղաքացիությունից՝ սրա դեմը մենք մինչև այս պահը գործիքներ չենք ձեռնարկել, որը պետք է անեինք արդեն հինգ կամ տաս տարի առաջ: Մենք ունենք քաղաքացիներ ամեն տարի, ովքեր լքում են Հայաստանի Հանրապետությունը անվերադարձ՝ առանց քաղաքացիությունից հրաժարվելու, և գտնվում են հետախուզման մեջ: Այս երկու խմբի անձանց մենք չենք կարող այսօր և չենք կարացել մինչև այսօր պահել: Երբ մենք իմ ասած քայլերով գնանք, նրանց մի մասին վստահաբար հետ կպահենք այս ճանապարհով գնալուց»:

«Երբ պատգամավորների մասին էիք խոսում, որոնք ինչ-ինչ ճանապարհներով իրենք, կամ իրենց զավակներին ազատել են բանակից, նաև ձեր խմբակցությո՞ւնը նկատի ունեք», - «Ազատության» այս հարցին էլ ՔՊ-ական պատգամավորն արձագանքել էր. - «Ես ավելի շատ ընդդիմադիր խմբակցություններին նկատի ունեի՝ նախկին խորհրդարանի և այժմյան խորհրդարանի, մեր խմբակցության մասին չեմ ցանկանում խոսել: Որովհետև ես նման տեղեկատվության առնվազն չեմ տիրապետում»:

Փաստացի իշխանական պատգամավորը բացասական եզրակացությունից և օրակարգում նախագծի չհայտնվելուց հետո պետք է զրոյից սկսի աշխատել իր փաթեթի վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայկ Սարգսյանի տպավորությամբ՝ ՔՊ-ականները կողմ են գումարով բանակից վաղաժամկետ ազատվելու օրինագծինՓողով բանակից վաղաժամկետ ազատվելու օրինագիծը ԱԺ հանձնաժողովի բացասական եզրակացությունն ստացավԻշխող թիմում էլ որոշ պատգամավորներ դեմ են բանակից փողով ազատվելու նախագծին. Պապիկյանը հանդիպեց ՔՊ-ականներին