Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է 2028 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ դադարեցնել ռուսական գազի ներմուծումը Եվրամիություն։
Ոլորտում լիակատար պատժամիջոցներ սահմանելու առաջարկը նախկինում իրականություն չէր դառնում, քանի որ դրա համար անհրաժեշտ է դաշինքի անխտիր բոլոր անդամների համաձայնությունը, մինչդեռ Կրեմի հետ սերտ կապեր ունեցող Հունգարիան ու Սլովակիան մշտապես կիրառում էին վետոյի իրենց իրավունքը։ Այս անգամ խոսքը ոչ թե պատժամիջոցների, այլ օրենսդրական սահմանափակումների մասին է, որոնց ընդունման համար անհրաժեշտ է ԵՄ 27 երկրներից 15-ի համաձայնությունը։
Այս պահին դեռ չի հաղորդվել՝ երբ է առաջարկը դրվելու քվեարկության։
Ուկրաինայի դեմ պատերազմի սկսվելուց հետո Եվրամիությունն, ըստ պաշտոնյաների, կրճատել էր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից․ անցած տարի ռուսական գազի մատակարարումները կազմել են բոլոր ներմուծումների գրեթե 19 տոկոսը՝ նախորդ տարվա 45 տոկոսի դիմաց։
Մյուս կողմից, եվրոպական ընտանիքը մեծացրել է ներկրումներն Ադրբեջանից, որն էլ, իր հերթին, գազ է գնում Ռուսաստանից։