Հայ-իրանական սահմանի՝ Ագարակետի անցակետում ակտիվ շարժ է՝ և՛ մեքենաներ են դուրս գալիս, և՛ արդեն հետիոտներ: Նրանք հենց անցակետից փորձում են տարբերակներ գտնել՝ հասնելու ՀՀ տարբեր բնակավայրեր:
Իրանցիները դժգոհում են տաքսի ծառայությունների գներից՝ ասելով, որ իրենք օգնության կարիք ունեն տրանսպորտի հարցում, իսկ Երևան հասնելու համար իրենցից վարորդները մոտ 300-350 դոլար գումար են պահանջում:
Ագարակի անցակետից նաև այլ երկրների քաղաքացիներ են տեղափոխվել Հայաստան, ինչպես նաև ազգությամբ հայեր:
Հայազգի ընտանիքներից մեկի մայրը Հայաստան էր եկել անչափահաս երեխաների հետ: «Ազատությանը» պատմեց, որ իսրայելական հարվածների պատճառով որոշել են որոշ ժամանակով տեղափոխվել Երևան, մինչև իրավիճակը հանդարտվի: Նաև ասաց, որ մեծ դժվարությամբ են հասել նույնիսկ անցակետ, դժվար է գումար գտնել, նաև վառելիք: Նա պատմեց, որ բավականին մեծ վախի մթնոլորտ կա, մայրաքաղաք Թեհրանը և շատ այլ բնակավայրեր դատարկվում են՝ մարդիկ փորձում են ապահով տեղ տեղափոխվել:
Նույնն էին ասում նաև ազգությամբ իրանցիները:
Այսօր Ագարակի անցակետ են այցելել նաև ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի աշխատակիցները։ Սահմանի այս կողմում բացի տեղում հսկող պարեկներից Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչների «Ազատությունը» չի հանդիպել։
Հայկական կողմում մեծ թվով բեռնատարներ են կուտակված։ Մեքենաները հիմնականում իրանական համարանիշներ ունեն։
Նախօրեին հայ-իրականական սահմանին աշխատող հայ ծառայողներն «Ազատությանը» պատմել էին, որ մարդկանց շարժը մի քանի անգամ ակտիվացել է՝ Իրանի և Իսրայելի միջև ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր:
Մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.