Անհետ կորածների հարազատներին, որ ուզում էին կարճատև ակցիա անել, չհաջողվեց փակել Երևանի Հերացի փողոցը: Ոստիկանության հատուկ ջոկատայինները կանգնել էին փողոցի եզրին՝ փակելով դեպի ճանապարհը դեպի Հերացի փողոց:
Անհետ կորածների հարազատները որոշեցին հետ գնալ Բաղրամյան պողոտա, որը փակ էին պահում երեկ երեկոյից:
Կարճ ժամանակով Հերացի փողոցը փակելու միջոցով նրանք ցանկանում էին ուշադրություն գրավել իրենց խնդրի վրա:
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, երեկ «Ազատությանն» ասել էր, որ իրենց գլխավոր պահանջն է վերականգնել պաշտոնում ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանին: Աբազյանի պաշտոնանկության մասին հայտնի դարձավ երեկ առավոտյան:
Արսեն Ղուկասյանը և մյուսները մտահոգություն ունեն, որ նրա պաշտոնանկությունից հետո որևէ մեկը գործուն քայլեր չի անի անհետ կորածների հարցերով, և հարցը կմտնի փակուղի:
Արմեն Աբազայանը գլխավորում էր անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը:
Հայաստանը շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ 191-ը: