Մատչելիության հղումներ

Իսրայել-Իրան հակամարտությունն էլ ավելի է թեժանում. թարմացվող

Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածները, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ:

Երկու երկրներն արդեն հինգերորդ օրն է՝ փաստացի պատերազմի մեջ են։

Հունիսի 17-ի գիշերը պայթյուններ են լսվել և՛ Թեհրանում, և՛ Թել Ավիվում:

ԱՄՆ նախագահը Թեհրանի բնակիչներին հորդորել է տարհանվել:

Սա Իրանի և Իսրայելի միջև տասնամյակներ շարունակվող առճակատման ամենաթեժ ու վտանգավոր բախումն է:

16:01 17.6.2025

Իսրայելի զինված ուժերը հայտարարում են, որ օդային հարվածներից Թեհրանում սպանվել է գեներալ Ալի Շադմանին, ով օրեր առաջ էր նշանակվել իրանական այն հատուկ ստորաբաժանման ղեկավար, որը համակարգում է ԻՀՊԿ էլիտար ուժերի և կանոնավոր բանակի համատեղ ռազմական գործողությունները։

Գեներալ Ալի Շադմանին, արխիվ
Գեներալ Ալի Շադմանին, արխիվ

Նրա նախորդը՝ Ղոլամալի Ռաշիդը, սպանվել էր անցյալ շաբաթ՝ Իսրայելի հարվածի արդյունքում։

Իրանի պաշտոնական աղբյուրները կամ լրատվամիջոցները Շադմանիի մահվան մասին դեռ չեն հաղորդել։ Սակայն, վերջին օրերին՝ Իսրայելի կողմից իրանցի բարձրաստիճան զինվորականների և միջուկային գիտնականների սպանության մասին հայտարարությունից հետո, ավելի ուշ Թեհրանի պաշտոնական աղբյուրները հաստատել են այդ տեղեկությունները:

15:20 17.6.2025

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե Իրանում պետք է ոչ թե ժամանակավոր հրադադար հաստատել, այլ՝ «իրական վերջ դնել» Թեհրանի միջուկային ծրագրին։

Չնայած մինչ այդ Սպիտակ տան ղեկավարը ակնարկել էր, որ ընթանում են բանակցություններ, և շուտով խաղաղություն կհաստատվի, այսօր հերքել է տեղեկությունները, որ աշխատում է Իրանի և Իսրայելի միջև հրադադարի հասնելու ուղղությամբ։

14:53 17.6.2025

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ տեղի բանկերից մեկը ենթարկվել է կիբերհարձակման:

Ըստ Fars լրատվական գործակալության՝ Sepah Bank-ի առցանց համակարգը կաթվածահար է եղել, ինչը կարող է խնդիրներ առաջացնել նաև բենզալցակայաններում, քանի որ դրանք միացված են բանկային համակարգին։
Sepah Bank-ն Իրանի ամենահին բանկերից մեկն է և գտնվում է արևմտյան պատժամիջոցների տակ։

Մինչ այդ իրանցիներն արևմտյան լրատվամիջոցներին տեղից պատմել էին, որ ցանկանում են լքել երկիրը, սակայն չեն կարողանում գումար հանել բանկերից կամ բենզին հայթայթել։

14:37 17.6.2025

Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Իրանի ու Իսրայելի միջև հակամարտության վրա, Իսրայելը հրթիռակոծել է Գազայում օգնության բաշխման կետի մերձակայքը, որտեղ հազարավոր պաղեստինցիներ էին հավաքվել՝ հաց ու ալյուր ստանալու հույսով։ «Համաս»-ի կողմից ղեկավարվող առողջապահության նախարարությունը հայտնում է, որ զոհվել է 45 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։


Բեռնել ավելին

XS
SM
MD
LG